ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:
Առաջադրանք
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային

Ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային:

Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s