Չախչախ թագավորը

Չախչախ թագավորը

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Ջրաղացպան-ջրաղաց պահող, փոստալ-մորդե գլխարկ, բաղարջ-գաթա, լինգ-երկաթյա ձող, կոտ-փայտե աման, վեզիր-թագավորի օգնական:

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալր-ոտ, կիս-ա-վեր, մոխր-ոտ, լավ-ություն, թագավոր-ի, աղբանոց-ում:

  1. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս-վազում է, քթի տակ ծիծաղել-աննկատ ծիծաղել:

  1. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Այս վերնագիրը կարդալով, ես հասկանում եմ, որ թագավորը շատախոս է:

  1. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում հետ է խոսում:

Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։

Ջրաղացպանը խոսում է աղվեսի հետ:

  1. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Ջրաղացում, շեմքում, լարում, աղբանոցում

Leave a comment