Սիրո ներգործության մասին

Սիրո ներգործության մասին

Սերը միշտ եղել է մարդու գլխավոր զգացմունքներից մեկը, բայց այն երբեմն ընկալվում է ոչ միայն որպես ուրախություն, այլ նաև որպես ծանր փորձություն։ Միջնադարյան հայկական հայրենները ցույց են տալիս սիրո ամենատարբեր կողմերը, այդ թվում նաև սիրո դժվար կողմը։

Սերը միաժամանակ և՛ երջանկություն է պարգևում, և՛ տառապանք, որովհետև այն սկզբում կարող է լցնել է մարդու կյանքը նոր իմաստով, սակայն ժամանակի ընթացքում դառնալ կախվածություն, խլել ազատությունը և ստիպել գնալ զոհողությունների։

Իմ կարծիքով, սիրո իմաստը այն է, որ այն փոխում է մարդու ներաշխարհը, դարձնում նրան երջանիկ և տալիս բարձր տրամադրություն։ Մարդն իրեն զգում է թեթև՝ ինչպես ձուկը ջրում, և ամեն ինչ տեսնում է դրական կողմով։Այս զգացմունքը մարդուն դարձնում է ավելի լավը և փոխանցում է էներգիա։

Տառապանքները սկսվում են այնտեղ, որտեղ առաջանում է բաժանման կամ կորստի վախը։ Նահապետ Քուչակի հայրենների մեջ սերը համեմատվում է ծովի մեջ թաքցրած թակարդի հետ, որից անհնար է խուսափել։ Երբ սերը դառնում է անպատասխան, կամ երբ սիրելին հեռանում է, մարդը կորցնում է իր հանգիստը։ Երբեմն ցավն այնքան ուժեղ է լինում, որ ազդում է մարդու առողջության վրա և պատճառում հուսահատություն։ Այնպես է ստացվում, որ այդ ծանր ապրումներին նույնիսկ ,,ամենաամուր,, մարդիկ չեն դիմանում։

Այսպիսով՝ սերը երկկողմանի ազդեցություն ունի մարդու վրա։ Այն չի կարող լինել միայն հաճելի, քանի որ սերն ու ցավը կապված են միմյանց հետ։ Մարդը չի կարող սիրել առանց տառապելու վտանգի, ինչն էլ այս զգացմունքը դարձնում է անխուսափելի մի ծուղակ։ Բայց, իմ կարծիքով, պետք է սիրել այնպես, որ ցավը լինի հնարավորինս քիչ, և հիշվեն միայն լավ պահերը։

Խենթը-Բայազետ

Խենթը-Բայազետ

Պատմության մեջ լիում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Բայազետի բերդի պաշտպանությունը հենց այդպիսի դեպք էր, որտեղ մարդկանց խմբի փրկությունը կախված էր ընդամենը մեկ մարդու հերոսական քայլից։

Նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում մեկ անձնուրաց մարդը կարող է փրկել և հուսադրել հազարավոր մարդկանց։

1877թ. հունիսին Բայազետի բերդը հայտնվեց անհույս իրավիճակում։ Թուրքական 10 հազարանոց զորքը պաշարել էր բերդը, և պաշարվածները մնացել էին առանց պարենի և զինամթերքի։ Րաֆֆու ,,Խենթը,, վեպում տիրող իրավիճակը ազդեցիկ է արտահայտված. Կարծես ամեն կողմից հուսահատության ձայներ էին լսվում։ Ժողովուրդը պատրաստ էր բերդի դռները բացել և հանձնվել։ Բերդի հրամանատարությունը որոշում կայացրեց օգնության խնդրանքի լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ Այս պահին է դրսևորվում անհատի, այս դեպքում Վարդանի(նախատիպը` Սամսոն Տեր-Պողոսյան) ով այն միակներից էր ով պատրաստ եղավ անձնազոհ քայլերի գնալ հանուն մնացածի։ Կարող ենք ասել, որ Վարդանի(Սամսոնի) կերպարը մարմնավորում է հույս և հավատ։ Իմ կարծիքով այսպիսի հերոսություն անելու համար կարևոր է, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր պատրաստվածությունը։

Այսպիսով` Բայազետի հերոսական պաշտպանությունը ցույց է տալիս, որ կարևոր են ոչ միայն մեծաթիվ բանակները, այլև այն անհատները, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը հանուն այլոց փրկության։

Խենթը-Արամ Մանուկյան

Խենթը-Արամ Մանուկյան

Մարդու բարոյական հատկանիշները ձևավորվում են այն պայմաններում, որոնցում նա ապրում է։ Պատմական ծանր իրադարձությունները, պատերազմները կամ հակառակը՝ խաղաղ միջավայրը, ստիպում են անհատին դրսևորել որոշակի որակներ, որոնք անհրաժեշտ են տվյալ ժամանակում, գոյատևելու կամ զարգանալու համար։

Անհատի բարոյական հատկանիշները նրա ապրած ժամանակի և շրջապատող միջավայրի արտացոլումն են։

Երբ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մարդու մեջ առաջնային են դառնում անձնազոհությունն ու հայրենասիրությունը։ Արամ Մանուկյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դժվարին ժամանակաշրջանը վերածում մարդկանց պատասխանատու և վճռական առաջնորդների։ Իմ կարծիքով պետական գործիչը նման պայմաններում պետք է լինի սեփական շահի հետևից չընկնող, ունենա ուժեղ կամք և կարողանա սեփական օրինակով համախմբել ժողովրդին։ Գործչի բարոյականությունը չափվում է ոչ թե խոսքերով, այլ այնպիսի գործողություններով, որոնք ուղղված են պետականության ստեղծմանն ու պահպանմանը։ Զարգացած, կազմակերպված և խաղաղ միջավայրը, որը նկարագրվում է որպես երազանքի քաղաք, ձևակերպում է այլ որակներ այլ որակներ։ Այդ միջավայրում բարոյական է համարվում կրթված լինելը, օրենքին հնազանդվելը և աշխատասիրությունը։ Իմ երազանքի Հայաստանում պետական գործիչները պետք է լինեն ազնիվ և հեռատես, իսկ քաղաքացիները՝ գիտակից ու պատրաստակամ՝ պաշտպանելու իրենց ստեղծածը։ Երբ միջավայրը հնարավորություն է տալիս զբաղվել գիտությամբ և արվեստով, մարդու բարոյականությունը դառնում է ավելի ստեղծարար և առաջադիմող։

Այսպիսով,` ժամանակը և միջավայրն են նպաստում բարոյականության կանոններին, բայց ուժեղ անհատները, հատկապես պետական գործիչները, կարող են իրենց կամքով փոխել այդ միջավայրը։ Իմ կարծիքով Հայաստանը պետք է ամուր բարոյական հիմքեր ունեցող մարդկանցով երկիր լինի։

Գեղեցկության և կործանման սահմանագծին

Գեղեցկության և կործանման սահմանագծին

Արվեստը հաճախ ներկայացվում է որպես կյանքի արտացոլում, սակայն Էդգար Ալան Պոյի ,,Ձվաձև դիմանկարը,, ստեղծագործության մեջ այն հանդես է գալիս որպես զոհաբեր ուժ, որը կլանում է կյանքը։

Արվեստը, ձգտելով հասնել կատարելագործված հավերժության, կարող է հասցնել մարդու կյանքի կործանմանը։

Մարդիկ միշտ փորձել են կանգնեցնել ժամանակը մեկ պահի վրա և դրա լավագույն միջոցը միշտ արվեստն է եղել. օրինակ`, երբ ընտրված պահը պատկերվել է կտավին։ Սակայն Պոն ասես կողմ չի կյանքի անվերջ պատկերին և զգուշացնում է, որ պահի գեղեցկությունը հավերժացնելու մոլուցքը կարող է կործանարար լինել գեղեցկության իրական աղբյուրի համար։ Ստեղծագործության մեջ ամեն անգամ կտավի վրա գույնի հայտնվելուց կինը էլ ավելի էր հյուծվում հոգնածությունից, նա ասես հաղորդում էր իր դեմքի գույները կտավին։ Սա հաստատում է, որ հավերժական գեղեցկությունը պահանջում է կենդանի գեղեցկության մահը։ Ստեղծագործությունը կարդալուց առաջանում է հարց. արվե՞ստն է կարևոր, թե՞ մարդը։ Այս հարցի պատասխանը ըստ իր տեսակետի Պոն փոխանցում է պատմվածքի վերջում,` երբ նկարիչը, վերջացնելով աշխատանքը, բացականչում է. ,,Սա հենց ինքը Կյանքն է,,, իսկ հետո շրջվում է և տեսնում, որ իր ,,սիրելին,, մահացած է։ Պոն հստակ ցույց է տալիս, որ ոչ մի ստեղծագործություն, որքան էլ հանճարեղ լինի, չի կարող փոխարինել մարդուն։ Իմ կարծիքով արվեստը ստեղծված է կյանքը պատկերելու և արտացոլելու համար, այլ ոչ թե կյանքերը խլելու։ Երբ արվեստի գործը մարդուց ավելի է կարևորվում, մեր աչքերում այն վերածվում է ինչ-որ բան փոխանցելուց զուրկ մի առարկայի։

Այսպիսով` ,,Ձվաձև դիմանկարը,, ստեղծագործության մեջ հեղինակը փոխանցում է, որ արվեստի և կյանքի միջև պետք է լինի ներդաշնակություն, այլ ոչ թե մրցակցություն։ ,,Հավերժությունը,, կտավի վրա գեղեցիկ է, բայց եթե այն ձեռք է բերվել սիրո և կյանքի կորստի գնով, ապա այդ ,,գեղեցկությունը,, սպանիչ ուժ է։ Քանի դեռ մարդն է արվեստ ստեղծողը և ստեղծում է այն մարդկության համար, նա էլ պետք է մնա բարձրագույն արժեք։

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ։

Իմ կարծիքով ինչքան էլ սենտիմենտալությունը գերիշխում է, պատմվածքը նման է նաև հեքիաթի, քանի որ այն մի փոքր իրականությունից կտրված և իդեալականացված է։ Հեղինակը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ ամեն անգամ նույն օրը և նույն ժամին են տեղի ունենում ,,Պոլիտեխնիկի ուսանողի,, գործողությունները։ Սա սովորական կյանքին բնորոշ չէ(ոնց որ հիմնականում ներկայացվում է սենտիմենտաալիզմում) քանի որ իրավիճակները և ժամանակը սովորաբար փոխում են մարդկանց հարաբերությունները, իսկ այստեղ սերը մնում է ,,կանգնած,,։

Բնութագրել պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում։

Սկզբում նրան տեսել էին որպես խորհրդավոր ձևով խաղացող դերասանուհի։ ,,Մանուշակի պատմության,, ժամանակ նա երիտասարդ էր, սկզբում ավելի թեթև էր վերաբերվում երկրպագուներին և հավանում էր զուտ ծաղիկները։ Այնուհետև կարծես իր ընկերուհու խոսքերից քիչ հետո տարվում է ուսանողով, չնայած նրան չէր էլ տեսել։ Դժբախտ պատահարից հետո նա սկսեց ափսոսալ և կարծես իրեն պարտական էր զգում հանգուցյալ երիտասարդի հանդեպ։

Կարդա՛ պատմվածքը, արտահայտի՛ր կարծիք, վերաբերմունք։

Կարծում եմ իրական կյանքում այսպիսի դեպքեր չեն պատահում կամ էլ շատ հազվադեպ են պատահում, և այդ պատճառով էլ, չնայած ակնհայտ երևում են ,,իդեալականացված,, կերպարները կամ հանգամանքները, միևնույն է ստեղծագործությունը հուզիչ զգացմունք է հաղորդում։

Կարդացածդ ստեղծագործության հեղինակի մասին հետաքրքիր փաստե՛ր գտիր համացանցից և հավաքի՛ր քո բլոգում։

Անդրե Մորուան (իսկական անունը՝ Էմիլ Սալոմոն Վիլհելմ Հերցոգ) 20-րդ դարի ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ դեմքերից է։

Մորուան իր կեղծանունը հորինել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ «Անդրե» անունը նրա զոհված ընկերոջ հիշատակին էր, իսկ «Մորուա»-ն մի փոքրիկ գյուղի անուն է, որը նա շատ էր սիրում։ Այս կեղծանունն այնքան հայտնի դարձավ, որ 1947 թվականին նա պաշտոնապես փոխեց իր անունը և դարձավ Անդրե Մորուա։

Նա համարվում է ռոմանտիկացված կենսագրության ժանրի հիմնադիրներից մեկը։ Մորուան կարողանում էր պատմական դեմքերի (ինչպիսիք են Շելլին, Բայրոնը, Բալզակը, Դյուման կամ Վիկտոր Հյուգոն) կյանքը ներկայացնել ոչ թե որպես չոր փաստերի շարան, այլ որպես հետաքրքիր վեպ։ Նրա ամենահայտնի գործերից է «Երեք Դյումա»-ն։

Մորուայի ամենասիրված գործերից մեկը «Նամակներ անծանոթուհուն» էսսեների շարքն է։ Հետաքրքիրն այն է, որ այդ «անծանոթուհին» իրականում գոյություն չուներ. նա կերպար էր, որին գրողն ուղղում էր իր խորհուրդները կյանքի, սիրո, հարաբերությունների և կանացի հմայքի մասին՝ փոխանցելով իր կենսափիլիսոփայությունը։

Իսահակյան

Իսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի …

1. Ըստ բանաստեղծության նկարագրի՛ր աղջկան։

Նա կարծես ուզում էր իր հայացքով կանչել և մոլորեցնել հեղինակին:

2. Մեկնաբանի՛ր ,,առեղծվածային ժպիտ,, արտահայտությունը։ 

Հեղինակը այդքան էլ դրական չվերաբերվեց դրան, քանի որ փոխանցում է, որ նախկինում ունեցել է փորձ՝ և մոլորվել այդպիսի ժպիտի պատճառով:

3. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։ 

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր…

1. Ինչպե՞ս է ներկայացվում ժամանակի անցողիկությունը։

Հեղինակն ասում է, որ հազարավոր տարիներն ու դարերը անցնում են մի վայրկյանի պես և ոչինչ հավերժ չի, ո՛չ կայծակները, ո՛չ սերունդները:

2. Ի՞նչ է խորհրդանշում Արարտը։ 

Իմ կարճիքով Արարատը այստեղ միակն էր ինչը ցույց էր տալիս հայրենիքի հավերժությունը և միշտ կանգուն էր մնում մինչդեռ շուրջը ամեն ինչ փոխվում էր:

3. Ի՞նչ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Իմ կարծիքով բանաստեղծությունը փոխանցում է, որ մարդկային կյանքը շատ կարճ է որպեսզի համեմատվի հավերժական արժեքների հետ:

Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Կարծում եմ բոլորս էլ կհամաձայնենք, որ կրթությունը ապահովելը ամենակարևոր նախադրյալներից է հասարակության զարգացման գործում: Առանց կրթության բարելավման սերունդները չեն զարգանա, հասարակությունում խառնաշփոթ կտիրի և պետությունը կառավարելու դերը ոչ ոք չի կարողանա ստանձնել: Կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլ նաև ազգային արժեքների և մշակույթի պահպանման միջոց: Առանց դրա ոչինչ չէր պահպանվի և ամեն մի սերունդ ստիպված կլիներ ամեն ինչ սկսել սկզբից:

Կրթությունը հասարակությանը պահող և միավորող հիմքն է, որը հազարամյակներ շարունակ զարգացրել է մարդուն, նպաստել նոր գաղափարների առաջացմանը և մինչ օրս էլ ուղղություն է ցույց տալիս դեպի էլ ավելի խելացի դառնող ապագա:

Կրթությունը մարդկանց կյանքը փոխելու ամենաուժեղ գործիքն է: Րաֆֆու ,,Խենթը,, վեպի մի հատվածում տեսնում ենք, թե ինչպես է դպրոցը ընդունակ փոխել երեխաներին: Նախկինում նրանք տխուր ու հիվանդոտ երեխաներ էին, իսկ ուսումից հետո նրանք դառնում են գիտակից ու ուրախ: Դպրոցում երեխաները սովորում էին ոչ միայն գրքերով, այլև գործնական աշխատանքով, ինչը արդիական է նաև այսօր: Հեղինակը համոզված էր, որ հենց այսպիսի ուսուցումն էր հարկավոր տալ երեխաներին, որպեսզի հետագայում հասարակությունը զարգանա:,,Խենթը,, ստեղծագործության բուն դեպքերը ընթանում էին 19-րդ դարում, բայց կրթության զարգացումը, բայց անգրագիտության վերացումը շատ նշանակալից դեր ունեցավ նաև 20-րդ դարում, երբ Հայաստանը գտնվում էր խորհրդային կազմում: Իշխանությունը հստակ գիտակցում էր, որ նոր ու բարելավված կյանք ստեղծելու համար պետք են գրագետ մարդիկ: Եթե 19-րդ դարի վերջում շատ քչերը գիտեին կարդալ ու գրել, ապա այդ մեծ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում մարդկանց մեծ մասը մինչև 1940թ. դարձավ բանիմաց: Կառուցվեցին հարյուրավոր նոր դպրոցներ, մասնավոր դպրոցները փակվեցին և փոխարենը ուսումը դարձավ անվճար և հասանելի բոլորի համար: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ առանց կրթության հնարավոր չէ զարգանալ ու կայուն պետություն ունենալ:

Այսօր կրթությունը մեծ փոփոխություններ է կրում և իհարկե շատ է տարբերվում 20-րդ դարի կրթությունից, քանի որ գիտությունն ու տեխնոլոգիաներն արագ են զարգանում: Իմ կարծիքով՝ ապագայի դպրոցում առաջնային պետք է լինի նորագույն տեխնոլոգիաների տիրապետումը, բայց դա չպետք է լիովին փոխարինի գործնական աշխատանքին: Շատ կարևոր է, որ աշակերտները ոչ միայն տեսական գիտելիք ստանան համակարգիչների միջոցով, այլև պահպանեն կապը փորձերի և գործնական աշխատանքի հետ: Գիտության նոր ձեռքբերումները պետք է օգնեն, որ ուսուցումն ավելի արդյունավետ դառնա, իսկ մարդիկ կարողանան նոր բացահայտումներ անել:

Այսպիսով, կրթությունը բոլոր ժամանակներում եղել է հասարակության զարգացման և պետության հզորացման ,,հենասյունը,,: Եվ՛ 19-րդ դարի պատկերացումները, և՛ 20-րդ դարի պատմական փորձը ցույց են տալիս, որ առանց գիտելիքի և գրագիտության հնարավոր չէ առաջընթաց ունենալ: Այսօր մենք կանգնած ենք նոր բացահայտումների առաջ, և ապագայի դպրոցը պետք է մեզ դառնա այն վայրը, որտեղ տեխնոլոգիաներն ու գործնական աշխատանքը կօգնեն ձևավորել ավելի խելացի և պատասխանատու սերունդ: Միայն կրթված մարդիկ են ընդունակ ստեղծել կայուն և զարգացած հասարակություն:

Ինչպիսի՞ ծանր պայմաններում էր հայտնվել Ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած հայությունը։

Ինչպիսի՞ ծանր պայմաններում էր հայտնվել Ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած հայությունը։

Ցեղասպանությունից հետո Հայաստան հասած հազարավոր գաղթականներն ու որբերը հայտնվեցին ծայրահեղ ծանր վիճակում: Մարդիկ չունեին տանիք, բավարար սնունդ և հագուստ: Շատերը ստիպված էին քնել բաց երկնքի տակ՝ վանքերի պարիսպների մոտ կամ փողոցներում, որտեղ տիրում էր կեղտոտությունն ու հիվանդությունները: Պետությունը կարողանում էր օրական տալ ընդամենը 200 գրամ ալյուր, ինչը ստիպում էր մարդկանց ամեն օր պայքարել սնունդ հայթայթելու համար:

Ծայրահեղ դժվարությունները հաղթահարելու համար մարդուն անհրաժեշտ է ներքին ուժ և կողքինին օգնելու պատրաստակամություն:

Այդ տարիներին մարդիկ ստիպված էին հարմարվել նոր միջավայրին: Օրինակ՝ երեխաները հաճախ կորցնում էին իրենց անձնական իրերը, հագնում պատահական շորեր և քնում քարերի վրա: Նման իրավիճակներում առաջնային էր դառնում ոչ թե հարմարավետությունը, այլ ողջ մնալը: Որբանոցներում և գաղթավայրերում մարդիկ սկսում էին խմբավորվել, պաշտպանել միմյանց և կիսվել ունեցած սակավ սննդով: Սա ցույց է տալիս, որ միայնակ դիմակայելն անհնար էր: Այս դաժան պայմաններում մարդիկ սկսում էին ինքնուրույն ելքեր գտնել և հարմարվել իրավիճակին: Մահարու պատմած դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ երեխաներն էին փորձում օգնել միմյանց. օրինակ՝ Կուշոն ճարպկություն դրսևորելով, վերադարձնեց Գուրգենի հին շորերը և կարողացավ դրանք փոխանակել կոնֆետների հետ: Սա ապացուցում է, որ անգամ ամենաանհույս պահերին մարդիկ չէին հանձնվում և միավորվում էին: Կուշոն դառնում էր Գուրգենի պաշտպանը, իսկ Գուրգենը իր հերթին կիսում էր իր ունեցածը Բիլի-Մակի հետ: Իմ կարծիքով, կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար մարդուն պետք են հետևյալ հատկանիշները. համբերություն, որպեսզի մարդը առաջին փորձից չհանձնվի, ճկունություն, որպեսզի մարը կարողանա լուծումներ գտել նույնիսկ անհնարին թվացող խնդիրների ժամանակ և համերաշխություն, քանի որ դժվար պահերին կոնֆլիկտը կարող է վատ անդրադառնալ մինչդեռ աջակցությունը կկրկնապատկի հնարավորությունները:

Այսպիսով՝ պատմական փաստերն ու որբերի անձնական պատմությունները հստակ ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը գոյատևեց ոչ միայն արտաքին օգնության, այլև իր ներքին ուժի և համբերության շնորհիվ: Սա մեզ սովորեցնում է, որ որքան էլ անհաղթահարելի թվա իրավիճակը, մարդկային ջերմությունն ու միասնականությունը մնում են գոյատևման ամենահզոր զենքերը:

Ինչպիսի՞ խնդիրներ էին ծառանում հայրենազրկված և օտար երկրներում ապաստանած հայերի առջև։

Ինչպիսի՞ խնդիրներ էին ծառանում հայրենազրկված և օտար երկրներում ապաստանած հայերի առջև։

Հայրենիքից զրկվելը մարդու համար ամենածանր հարվածներից է, քանի որ նա կորցնում է իր տունն ու իր արմատները: 1915 թվականի ցեղասպանությունից հետո հազարավոր հայեր ստիպված եղան ապաստան փնտրել աշխարհի տարբեր երկրներում՝ կազմավորելով հայկական ,,սփյուռքը,,:

Օտար երկրներում հաստատված հայերի համար ամենամեծ խնդիրը սեփական ինքնությունը պահպանելն ու նոր հասարակության մեջ տեղ գտնելն էր:

Տնտեսական տեսանկյունից գաղթականների վիճակը շատ ծանր էր: Արևմուտքի զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում, նրանք ստիպված էին կատարել ամենացածր վարձատրվող ու միաժամանակ ֆիզիկապես ծանր աշխատանքները: Վիլյամ Սարոյանի ,,Նռնենիները,, պատմվածքում մենք տեսնում ենք հայ մարդու կերպարը, ով փորձում էր ամերիկյան չոր հողում նռնենիներ աճեցնել: Դա պարզապես այգեգործություն չէր, այլ կարծես հայրենիքի մի մասնիկը օտարության մեջ փոխանցելու փորձ: Սակայն տեղացիների անտարբերությունը և տնտեսական դժվարությունները հաճախ կործանում էին այդպիսի հայրենասիրական երազանքները, այնպես՝ ինչպես չորացան պատմվածքի նռնենիները: Մյուս կողմից, հայերը բախվում էին մշակութային ,,անկմանը,,: Օտարազգիները նրանց չէին ճանաչում և հաճախ վատ էին վերաբերվում՝ համարելով ,,անհայրենիք,, մարդիկ: Այս պայմաններում ազգային ինքնությունը պահպանելը դառնում էր գոյատևման միակ միջոցը: Եթե հայերը մոռանաին իրենց լեզուն և սովորույթները, նրանք վերջնականապես կձուլվեին ու կանհետանային որպես տեսակ: Այսօր էլ է ,,սփյուռքում,, ապրող հայերի համար անհրաժեշտություն հայ մնալը: Իսկ դա հնարավոր է միայն ընտանիքի, դպրոցի և հիշողության միջոցով: Ինչպես Սարոյանի պատմվածքի հերոսները, այնպես էլ ժամանակակից հայ սերունդները պետք է հասկանան, որ հայրենիքը ոչ միայն հողն է, այլև այն մշակույթը, պատմությունը և սվորությները, որոնք մենք կրում ենք մեր մեջ:

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ հայրենազրկված հայության ճանապարհը լի էր արգելափակումներով: Բայց իմ կարծիքով հենց այդ դժվարությունները ստիպեցին մեզ ավելի հայրենասեր լինել: Ինքնության պահպանումը սփյուռքում այն ուժն է, որը թույլ չի տալիս, որ հայի տեսակը ,,չորանա,, հողի վրա, ինչպես Սարոյանի պատմվածքի դեպքում չորացան նռնենիները:

Զաբուղոն-Պետրոս Ա Գետադարձ

Զաբուղոն-Պետրոս Ա Գետադարձ

Գրիգոր Զոհրապի ,,Զաբուղոն,, ստեղծագործության Վասիլիկի և պատմական կերպար Պետրոս Ա Գետադարձի արարքները ունեն նմանություն։ Նրանց արարքների ընտրության ժամանակ անձնական շահը գերակայեց պատասխանատվությանը։

Անհատի արարքները կարող են ունենալ ճակատագրական և մեծածավալ աշխատանքներ։

Զաբուղոնի կյանքի իմաստը Վասիլիկի հանդեպ սերն էր։ Վասիլիկը ձգտելով հասարակության ուշադրությանը չկարողացավ դիմակայել ,,թաքուն,, սիրո,,ծանրությանը,, և ընտրեց դավաճանության ճանապարհը։ Այդ արարքի պատճառով Զաբուղոնը տրվեց մենությանը։ Այստեղ մի մարդու արարքի պատճառով կործանվեց մի ամբողջ ճակատագիր։ Նույնպիսի դժբախտության պատճառ դարձավ Պետրոս Ա Գետադարձի արարքը։ Անձնական շահերով առաջնորդվող նրա քայլը Անիի Թագավորությունը Բյուզանդիային հանձնելու վերջին քայլը եղավ։ Եթե Վասիլիկը կործանեց միայն մի մարդու ճակատագիր ապա Գետադարձի անձնական շահերից բխող արարքը վտանգեց մի ամբողջ երկրի ազատությունը։ Երկու դեպքում էլ կերպարների հեռատեսությունը բացակայում էր։ Եթե Վասիլիկը հավատարիմ մնար հնարավոր է Զաբուղոնը փոխեր իր կյանքը։ Նույն կերպ, եթե Գետադարձը պայքարեր իր երկրի համար գուցե հնարավոր լիներ կանխել վտանգը և պահպանել ազատությունը։

Այսպիսով` այս պատմությունները փաստում են, որ անհատը պետք է պատասխանատու լինի իր արարքների հետևանքների համար։