Արտավազդ II

Արտավազդ II

Արտավազդ 2-ը (Ք.ա. 55-34թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ։ Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ: Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։ Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես 2-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ 4-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ 2-ը հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։ Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ վարժ տիրապետելով հին հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք մեզ չեն հասել։