Գիտե՞ք, որ…
• Աշխարհի ժողովուրդները խոսում են ավելի քան
3000 լեզուներով, այդ շարքում հայերենը` խոսողների
թվով, առաջին հարյուրյակի մեջ է։
• Լեզուներից միայն 13-ով են խոսում 50 միլիոնից
ավելի մարդիկ` անգլերեն, իսպաներեն, ռուսերեն,
գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, չինարեն,
հինդի, ճապոներեն, արաբերեն և այլն։ Ով գիտե այդ
լեզուները, կարող է հաղորդակցվել աշխարհի
բնակչության 2/3-ի հետ։
• Հայերենը այն տասը լեզուներից է, որոնցով ամենից
վաղ են տպագրական տառեր ձուլվել, ինչպես օրինակ` գերմաներենը, իտալերենը, ֆրանսերենը, ֆլամանդերենը, եբրայերենը, արաբերենը, անգլերենը,
սլավոներենը։
• Առաջին հայ տպագիր գիրքը` «Ուրբաթագիրք» բժշկարանը, լույս է տեսել Վենետիկում (Իտալիա) 1512
թվականին, տպագրության գյուտից 57 տարի հետո։
Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է։
2012թ. մեծ շուքով նշվեց հայ գրատպության 500–ամյակը, իսկ Երևանը ճանաչվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
• Մատենադարանի հազարավոր ձեռագրերի մեջ ամենամեծը Մշո Ճառընտիրն է, որն ունեցել է հետաքրքրական ճակատագիր։ 1204 թվականին թուրքսելջուկները սպանում են այս ձեռագրի տիրոջը և
կողոպտում նրա ունեցվածքը։ Հայերը դրամ են
հավաքում, հետ են գնում ձեռագիրը և պահում Մշո
Առաքելոց վանքում։ 1915 թվականին եղեռնից հրաշքով փրկված գաղթականներն իրենց հետ տանում
են գիրքը, որը կշռում էր ավելի քան 2 փութ (32 կգ)։
Ձեռագիրը բաժանում են երկու մասի, մի մասը
հասցնում են Էջմիածին, մյուսը թաքցնում են Էրզրումի եկեղեցու բակում, հայտնաբերվում է պատահաբար և հետագայում միացվում մյուս կեսին։ Գրքի
19 թերթ այժմ պահվում է Վենետիկի Մխիթարյան
միաբանության գրադարանում։
Հայերենի բարբառները
Գրական լեզվին զուգընթաց գոյություն են ունեցել և ունեն
բարբառներ։
Հայերենի բարբառների թիվը բավականին շատ է` մոտ 60,
որոնք կոչվում են նույն վայրի անունով, որտեղ խոսվում են։
Օրինակ՝ Ղարաբաղի, Շիրակի, Լոռու բարբառներ։
Բարբառները գրական լեզվից առաջին հերթին տարբերվում
են իրենց արտասանությամբ։ Դրանք կարող են երբեմն դժվարհասկանալի լինել, բայց պետք է գիտակցել, որ բարբառները մեր
լեզվի և ազգային մշակույթի արժեքներից են։
Հայերենի տարածման աշխարհագրությունը
Հայերենը` աշխարհի հնագույն լեզուներից մեկը, Հայկական
լեռնաշխարհի սահմաններից դուրս մեծ տարածում չի ստացել։
Այսինքն` հայերենով խոսել են հայերը և մասամբ` լեռնաշխարհում
բնակվող այլ ժողովուրդներ։ Սակայն հայերենը տարածված է
աշխարհով մեկ, որովհետև
դժվար է գտնել մոլորակի գոնե
մի անկյուն, որտեղ հայ չի ապրել
կամ չի ապրում։ Մենք արդեն
գիտենք, որ մեր ժողովրդի մի
խոշոր հատված տարբեր պատճառներով սփռվել է աշխարհով
մեկ։ Մայր հայրենիքում այսօր
ապրում է ընդամենը 3,2 միլիոն
հայ, իսկ հայության մեծ մասը,
փաստորեն, ապրում է օտար
երկրներում։
Գնալով աշխարհի տարբեր անկյուններ` հայն իր հետ տանում
և փորձում է պահպանել իր լեզուն։ Այդ պատճառով հայերենը
աշխարհի ամենատարածված լեզուներից է։