Ծոփքի գրավումից շատ չանցած` Տիգրանը Մեծը կարողացավ
հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել
գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը։ Հայոց թագավորությունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց
արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին
բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը
(Վրաստանը) և Աղվանքը։
Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան
թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա
անունով։ Այդ պետությունը ներքին կռիվների
հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրության մեջ։ Ստեղծված վիճակը շտկելու և երկրում
կարգուկանոն հաստատելու համար սիրիական
վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց
իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։
Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, սակայն,
ռազմատենչ, պատերազմասեր արքա չէր։ «Նա կառավարում էր
ամենայն անդորրությամբ»,– գրել է Տիգրանի մասին օտար պատմիչը։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Հունարեն
արձանագրություն
Տիգրանակերտից
Տիգրանակերտ
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր
մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։ Քաղաքը կառուցվեց Արևմտյան Տիգրիսի վտակներից մեկի
հովտում (Մեծ Հայքի Աղձնիք նահանգում): Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում շքեղ պալատներ և ապարանքներ էին կառուցվում։
Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր, որի
շուրջը լճեր, զբոսայգիներ և անգամ որսատեղեր կային։
Մեծ Հայքի տարածքում Տիգրանակերտ անունով մեկ
տասնյակից ավելի քաղաքներ կային: Դրանցից մեկը
Արցախի Տիգրանակերտն է, որտեղ այժմ պեղումներ են
ընթանում:
Տիգրանակերտի (Արցախ) միջնաբերդի պեղումները
Արտաշատի պայմանագիրը. Ք. ա. 66 թվական
Հայաստանը լուրջ վտանգի մեջ էր։ Հռոմեական բանակը
անցել էր սահմանը և շարժվում էր դեպի երկրի սիրտը` Արարատյան դաշտ, որտեղ Արտաշես I-ի կառուցած Արտաշատ մայրաքաղաքն էր։ Մյուս կողմից` Արտաշատի պարիսպների տակ
կանգնած էր պարթևական զորքը։ Տիգրան Մեծին հաղթելու
համար պարթևները պատրաստ էին դաշինք կնքել նույնիսկ
իրենց վաղեմի հակառակորդների` հռոմեացիների հետ։ Պարթևները չէին մոռացել տարիներ առաջ Տիգրանից կրած ծանր
պարտությունը։
Երկրի համար այդ դժվարին պահին Տիգրան Մեծը չընկճվեց։
Անսպասելի հարձակումով նա կարողացավ պարտության մատնել
Արտաշատը պաշարած պարթևական զորքին և դուրս քշել Հայաստանի սահմաններից։
Պարթևներին հաղթելուց հետո Տիգրան Մեծը որոշեց չշարունակել ռազմական գործողությունները հռոմեական գերակշիռ
ուժերի դեմ։ Պատերազմը շարունակելը կարող էր կորստաբեր
լինել Հայաստանի համար, և հայոց արքան որոշեց խուսափել
դրանից։ Նա հաշտություն առաջարկեց հռոմեացիներին։ Նախնական բանակցություններից հետո հռոմեական զորքի հրամանատար Գնեոս Պոմպեոսն ընդունեց առաջարկը:
Ք. ա. 66թ. սեպտեմբերյան այդ օրը Տիգրան Մեծը կարողացավ
խաղաղ միջոցներով, չվտանգելով ոչ մի զինվորի կյանք, պահպանել իր հայրենիքի` Մեծ Հայքի տարածքները։ Միաժամանակ
Տիգրան արքան հրաժարվեց երկրից դուրս իր նվաճումների մեծ
մասից։ Պատկերացնելու համար, թե հանուն իր երկրի անվտանգության ինչ հսկայական տարածքից էր հրաժարվում հայոց արքան, ուշադիր նայենք Տիգրան Մեծի տերության քարտեզին։
Արտաշատի պայմանագրին հաջորդած տասնամյակում էլ
Տիգրան II-ը շարունակեց կառավարել երկիրը։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ
արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ,
հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ,
հովանավորեց տնտեսության ու մշակույթի զարգացումը։ Նա տեսավ նաև կորուստներ ու խռովություններ, բայց, ի վերջո, իր
Արտաշես պապի և մյուս փառավոր նախնիների նման կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և հաջորդներին
թողնել ծաղկուն ու զարգացած երկիր։