Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են,
նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու
բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված
զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Դրանով ժողովուրդը կարծես ցանկանում է վերհիշել իր
պետության հզորության փառավոր ժամանակները։
Արտաշես Առաջին (Ք. ա. 189-160թթ.)
Արտաշես I-ը Արտաշեսյան
արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)
հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից
առաջ բռնությամբ անջատված
հայկական հողերը։
Արտաշես արքան ստեղծեց
հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում
շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց
երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում,
դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ
Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։
Արտաշես I
Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նավագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը,
ձկնորսությունը։ Նա կարգավորում է հայոց բուն տոմարը, այսինքն` տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը։
Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք,
որը նրա անունով կոչվեց Արտաշատ։
Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Հասկանալու համար, թե ինչ կարևոր դեր է կատարել Տիգրան II-ը մեր
հայրենիքի պատմության մեջ, մենք կանդրադառնանք նրա
բազմաթիվ գործերից մի քանիսին։
Գահակալությունը. Ք. ա. 95 թվական
Մահացել էր հայոց արքան։ Արքայազն Տիգրանը պատանդության մեջ էր Պարթևստանում։ Ինչպես ձեզ հայտնի է, Հայկական
լեռնաշխարհից հարավ-արևելք տարածվում է Իրանական բարձրավանդակը։ Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական
պետությունը։ Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեական հանրապետությունը։ Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաստանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել.
Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն
ունեին Հայաստանը թուլացնելու, դարձնելու իրենցից կախված
թույլ երկիր։
Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջումների գնով ազատվել
և Ք. ա. 95թ. վերադառնալով հայրենիք` գահ
բարձրանալ։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգրանն իր թագավորությանը
միացրեց Ծոփքը։ Դրանով նա ավարտին
հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու
իր մեծանուն պապի` Արտաշես I արքայի
սկսած գործը։ Այնուհետև` 94թ. նա դաշինք Տիգրան II Մեծ
կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոնտոսի
հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը։
Այսպիսով, կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն
իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ։