ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:
Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Անտառում
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…