Հնչում են օրերը.իմ չարենցյան

Հնչում են օրերը.իմ չարենցյան

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

բոսոր-ծիրանագույն

հրկեզ-հրով կիզված՝ այրված

Leave a comment