
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի
Ետևից ընկած լսում է նրան։