ՊՐՈՖԵՍՈՐ ԶԱՐՀՈՒՐԵԼԻՆ
Պրոֆեսոր Զարհուրելին իր օգնականի՝ Սատանուսի հետ միասին վաղուց ի վեր թաքուն
աշխատում էր մի շատ վտանգավոր հայտնագործության վրա։ Ինչպես դժվար չէ գլխի ընկնել
ազգանունից, նա շատ սարսափելի գիտնական էր, ոչ միայն բացառիկ տաղանդավոր էր, այլ նաև
անասելի չար։ Իր ողջ գիտելիքներն ու անսովոր կարողություններն օգտագործում էր իսկապես
հրեշավոր գաղափարներ իրագործելու համար։
– Ա՛յ, կտեսնես, սիրելի Սատանուս,- ասում էր նա իր օգնականին,- մեր ատոմային
գերամբարձիչը, որը գրեթե պատրաստ է, ողջ աշխարհը կցնցի։
– Կասկած չունեմ, թանկագին պրոֆեսոր։ Պատկերացնում եմ, թե ինչպես կզարմանան մեր
թանկագին հայրենակիցները, երբ այդ գերամբարձիչի օգնությամբ կբարձրացնեք Պիզայի
աշտարակը և կդնեք Եվրոպայի ամենաբարձր լեռան՝ Մոնբլանի գագաթին։
– Պիզայի աշտարա՞կը,- քմծիծաղ տվեց Զարհուրելին,- Մոնբլանի գագաթի՞ն։ Ի՞նչ
հիմարություն ես ասում։ Որտեղի՞ց հորինեցիր։
– Ինչպե՞ս, պրոֆեսոր, չէ՞ որ երբ մենք նախագծում էինք…
– Մե՞նք։ Նախագծո՞ւմ էինք… Իսկ ի՞նչն ես դու ի՛նքդ նախագծել, մեծարգո սինյոր
Սատանուս։ Ի՞նչ ես անձամբ դո՛ւ հայտնագործել. շոկոլադի փաթեթավորո՞ւմ, անբռնակ
անձրևանո՞ց, տաք ջո՞ւր։
– Սխալս կուղղեմ, պրոֆեսոր Զարհուրելի,- խոնարհաբար ասաց ամոթահար
Սատանուսը։- Երբ Դուք, միայն ու միայն Դուք նախագծում էիք գերամբարձիչը, հիշում եմ, որ
հիշատակեցիք Պիզայի աշտարակը և Ալպիական լեռների ամենաբարձր գագաթը…
– Այո՛, հրաշալի հիշում եմ, որ խոսել եմ այդ մասին։ Բայց դա միայն նախազգուշական քայլ
էր, իմ հրաշալի ու հարգելի Սատանուս։ Հրաշալի իմանալով քո բերանբացությունը, բոլորի հետ
շատախոսելու քո ահավոր բնավորությունը. կաթնավաճառի օգնականի և հացթուխի
աշակերտի, դռնապանի և նրա զարմիկի քրոջ…
– Ես նրա հետ ծանոթ էլ չեմ։ Երդվում եմ, սինյոր պրոֆեսոր, ես չեմ ճանաչում դռնապանի
զարմիկի քրոջը և խոստանում եմ, որ երբեք նույնիսկ չեմ փորձի ծանոթանալ նրա հետ…
– Լավ, այդ դեպքում նրա մասին այլևս չենք խոսի։ Ես միայն ցանկանում էի բացատրել քեզ,
ամենասիրելի և ամենահիմար Սատանուս, որ ես չէի կարող հույսս քեզ վրա դնել, ուստի
դիտմամբ հորինեցի Պիզայի աշտարակի մասին այդ պատմությունը, որ թաքցնեմ քեզանից իմ
իսկական ծրագրերը։ Դրանք պետք է միանգամայն գաղտնի մնային։
Իմ կաղմած առաջադրանքները
Դու էլ հորինիր ինչ որ մի հեքիաթ որ ունենա երեք ավարտ:
Ո՞ր ավարտն է քեզ դուր գալիս և ինչու:
Ինչպես կվարվեիր պրոֆեսոր զարհուրելիի հետ եթե Սատանուսի տեղը: