ՊՐՈՖԵՍՈՐ ԶԱՐՀՈՒՐԵԼԻՆ

ՊՐՈՖԵՍՈՐ ԶԱՐՀՈՒՐԵԼԻՆ

Պրոֆեսոր Զարհուրելին իր օգնականի՝ Սատանուսի հետ միասին վաղուց ի վեր թաքուն
աշխատում էր մի շատ վտանգավոր հայտնագործության վրա։ Ինչպես դժվար չէ գլխի ընկնել
ազգանունից, նա շատ սարսափելի գիտնական էր, ոչ միայն բացառիկ տաղանդավոր էր, այլ նաև
անասելի չար։ Իր ողջ գիտելիքներն ու անսովոր կարողություններն օգտագործում էր իսկապես
հրեշավոր գաղափարներ իրագործելու համար։
– Ա՛յ, կտեսնես, սիրելի Սատանուս,- ասում էր նա իր օգնականին,- մեր ատոմային
գերամբարձիչը, որը գրեթե պատրաստ է, ողջ աշխարհը կցնցի։
– Կասկած չունեմ, թանկագին պրոֆեսոր։ Պատկերացնում եմ, թե ինչպես կզարմանան մեր
թանկագին հայրենակիցները, երբ այդ գերամբարձիչի օգնությամբ կբարձրացնեք Պիզայի
աշտարակը և կդնեք Եվրոպայի ամենաբարձր լեռան՝ Մոնբլանի գագաթին։
– Պիզայի աշտարա՞կը,- քմծիծաղ տվեց Զարհուրելին,- Մոնբլանի գագաթի՞ն։ Ի՞նչ
հիմարություն ես ասում։ Որտեղի՞ց հորինեցիր։
– Ինչպե՞ս, պրոֆեսոր, չէ՞ որ երբ մենք նախագծում էինք…
– Մե՞նք։ Նախագծո՞ւմ էինք… Իսկ ի՞նչն ես դու ի՛նքդ նախագծել, մեծարգո սինյոր
Սատանուս։ Ի՞նչ ես անձամբ դո՛ւ հայտնագործել. շոկոլադի փաթեթավորո՞ւմ, անբռնակ
անձրևանո՞ց, տաք ջո՞ւր։
– Սխալս կուղղեմ, պրոֆեսոր Զարհուրելի,- խոնարհաբար ասաց ամոթահար
Սատանուսը։- Երբ Դուք, միայն ու միայն Դուք նախագծում էիք գերամբարձիչը, հիշում եմ, որ
հիշատակեցիք Պիզայի աշտարակը և Ալպիական լեռների ամենաբարձր գագաթը…
– Այո՛, հրաշալի հիշում եմ, որ խոսել եմ այդ մասին։ Բայց դա միայն նախազգուշական քայլ
էր, իմ հրաշալի ու հարգելի Սատանուս։ Հրաշալի իմանալով քո բերանբացությունը, բոլորի հետ
շատախոսելու քո ահավոր բնավորությունը. կաթնավաճառի օգնականի և հացթուխի
աշակերտի, դռնապանի և նրա զարմիկի քրոջ…
– Ես նրա հետ ծանոթ էլ չեմ։ Երդվում եմ, սինյոր պրոֆեսոր, ես չեմ ճանաչում դռնապանի
զարմիկի քրոջը և խոստանում եմ, որ երբեք նույնիսկ չեմ փորձի ծանոթանալ նրա հետ…
– Լավ, այդ դեպքում նրա մասին այլևս չենք խոսի։ Ես միայն ցանկանում էի բացատրել քեզ,
ամենասիրելի և ամենահիմար Սատանուս, որ ես չէի կարող հույսս քեզ վրա դնել, ուստի
դիտմամբ հորինեցի Պիզայի աշտարակի մասին այդ պատմությունը, որ թաքցնեմ քեզանից իմ
իսկական ծրագրերը։ Դրանք պետք է միանգամայն գաղտնի մնային։

– Մինչև ե՞րբ, պրոֆեսոր։
– Մինչև երեկ, ամենահետաքրքրասերդ իմ, Սատանուս։ Իսկ այսօր արդեն դու կարող ես
իմանալ իմ մտահղացումը։ Մի քանի ժամից մենք կավարտենք աշխատանքը և երեկոյան
կմեկնենք։
– Կմեկնե՞նք։
– Այո՛։ Հենց նույն գերամբարձիչով, բնականաբար։
– Իսկ կարելի՞ իմանալ, թե ուր ենք մեկնելու։
– Տիեզերք, իմ թանկագին Սատանուս, որ հարցական նշանի սիրահար ես։
– Տիեզե՞րք։
– Ավելի ճիշտ՝ Լուսին։
– Լուսի՜ն։
– Տեսնում եմ՝ հարցական նշանից բացականչականի ես անցնում։ Բայց գործը պետք չէ
ձգձգել։ Ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում։ Ահա՛ իմ ծրագիրը։ Ատոմային գերամբարձիչի
օգնությամբ ես կբարձրացնեմ Լուսինը, կհանեմ իր ուղեծրից և կտանեմ տիեզերքի մի այլ վայր իմ
հայեցողությամբ։
– Հրաշալի՜ է։
– Այնտեղից էլ, թանկագին Սատանուս, մենք կսկսենք մեր բանակցությունները Երկրի
բնակիչների հետ։
– Ցնցո՜ղ է։
– Ուզո՞ւմ եք, որ Լուսինը վերադառնա իր տեղը։ Ուրեմն փրկագնել այն իր նոր տիրոջից՝
պրոֆեսոր Զարհուր Զարհուրելիից։ Որքա՞ն պետք է վճարեք։ Լուսնի քաշով մեկ ոսկի։
– Անհավանակա՜ն է։
– Քաշով մեկ ոսկի, հասկանո՞ւմ ես, սիրելիդ իմ Սատանուս, ո՜ս-կի՜։
– Գեր-անհավանակա՜ն է։
– Հիմա ըմբռնեցի՞ր իմաստը։
– Ըմբռնեցի, պրոֆեսոր։ Դա 20-»դ դարի ամենահանճարեղ գաղափարն է։
– Հույս ունեմ, որ նաև ամենադավադիրն ու նենգն է։ Ես որոշել եմ պատմության մեջ մնալ
որպես բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների ամենասատանայական ու
ամենասարսափելի մարդը։ Իսկ հիմա, Սատանո՛ւս, գործի անցնենք…
Շուտով ատոմային գերամբարձիչը լիովին պատրաստ էր։ Այդ հատաքրքրական սարքը
շատ նման էր այն սովորական ամբարձիչներին, որով մեքենաներն են բարձրացնում, երբ անհրաժեշտ է լինում փոխել ծակված անվադողը։ Միայն թե մի քիչ ավելի մեծ էր և մինում էր
տիեզերական խցիկի հետ, որի մեջ երկու մեծ թիկնաթոռ կար։ Այն ժամին, որն ընտրել էր
պրոֆեսոր Զարհուրելին իր սատանայական մտահղացման իրագործման համար, այդ
աթոռներին նստեցին գյուտարարն ու նրա օգնականը, որը դժվարությամբ էր թաքցնում իր
տարօրինակ դողը։
– Հանգստացի՛ր, Սատանո՛ւս։
– Ա-այո.. սին-յո-որ պրո-ֆ-ֆե-սոր…
– Հերիք է կմկմաս։
– Ա-այո.. սին-յոր պրո-ֆեսոր…
– Վերցրո՛ւ, խմի՛ր այս դեղահաբը, և ամեն ինչ կանցնի։
– Շնորհակալ եմ, պրոֆեսոր Զարհուրելի, ես միանգամայն հանգիստ եմ։
– Հրաշալի է։ Հիմա հետհաշվարկ տուր, Սատանուս…
– Մինուս հինգ… մինուս վեց… մինուս յոթ…
– Քեզ ասացի՝ հետհաշվարկ, հե՛տ հաշվիր…
– Վա՜յ, ներեցե՛ք, խնդրում եմ։ Մինուս հինգ… մինուս չորս… մինուս երեք… մինուս երկու…
– Մեկնա՛րկ։

Իմ հորինած ավարտը

-Լ-աա…վ պ-պ…րոֆեսոր

-Արագ-ասաց պրոֆեսորը

-Տաս, ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մեկ, զրո

-Ուշադի՛ր… միացնում եմ

Դրանից հետո պրոֆեսորը Սատանուսի հետ ավելի հետ է գնում սարքից և մեկ րոպե հետո լսվում է միայն մի պայթյուն: Պարզվում է որ ինչ որ մեկը փչացրել էր սարքը, և լավ էր արել, որովհետև այն իսկապես կարող էր լուսինը փոքրացնել: Պարզվում է որ դա Սատանուսն էր, նա լրտեսություն էր  անում, որովհետև ուզում էր դառնալ ոստիկան, բայց նրան ոչ մի տեղ չեն ընդունում և էր դրա համար էլ նա կտրեց սարքի լարերից մեկը, ձեռբակալեց պրոֆեսոր Զարհուրելիին,դարձավ ոստիկան և մտավ պատմության մեջ որպես լավագույն ոստիկան:

Leave a comment