ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:
Իշխանը եկավ և ասաց.
— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
Այրի կինն ասաց.
— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:
ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ
Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:
Երկու նկարիչ
Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.
— Դու ի՞նչ ես արել:
Նա ասաց.
— Ես ցույց կտամ իմ գործը:
Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.
— Այս մյուսից գեղեցիկ է:
Առաջադրանքներ
1. Գտնել առակը բնութագրող թևավոր խոսքեր:
Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:
2. Բառարանի օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
խիստ-բուռն, անիրավ-անճիշտ, այրի-անամուսին, պիծակ-բոռ, առավ-վերցրեց, խանութպան-գործակատար, կոկել-մաքրել