Կոմիտասի մասին

Կոմիտասի մասին

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:
Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։
Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին`   փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։
Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը`   փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։
Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։
Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։
Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։
Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։
Կոմիտասի մասին հետաքրքիր փաստեր

1. Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։
2. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը
3. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:
4. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:
5. Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:
6. Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:
7. Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:
8.Կոմիտասի տանը խոսում էին միայն թուրքերեն։
9. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ:
10. Սիրում էր նարդի խաղալ ուժեղ խաղացողների հետ: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:
11. Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:
12. Տաղանդավոր պարող էր: Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
13. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:
14. Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
15. Դեթրոյթում հայ մի կին բանկում նստած սպասելիս է լինում, միջին տարիքի սևամորթ մի կին է գալիս փոքր տղայի հետ, կողքին նստում, ու էս հայը հա լսում է, թե ոնց է սևամորթը պարբերաբար սաստում տղային՝ կանչելով.
– Գըմայդաս, Գըմայդաս, թե բա՝ come here, ում հետ եմ, այ տղա, Գըմայդաս:
Կինը հետաքրքրվում է, թե բա՝ կներեք, ի՞նչ է Ձեր տղայի անունը: Սևամորթը, թե բա՝ Գըմայդաս: Հայ կինն ասում է. «Վայ, ինչ հետաքրքիր է: Գիտե՞ք, մենք մի կոմպոզիտոր ունենք, անունը՝ Կոմիտաս»: Սև կինն էլ, թե բա՝ մեր Գըմայդասն էլ է շատ հայտնի սևամորթ կոմպոզիտոր, ասեմ ավելին՝ մերն էնքան հայտնի է, որ մերի արձանը Դաունթաունում է դրած:
Վերջում պարզվում է, որ Դաունթաունում մե՛ր Կոմիտասի արձանն է դրած, պարզապես բրոնզից, հետևապես՝ սեփ-սև:

Leave a comment