Մի ձմռան օր, բոլորին հայտարարել էին, որ ձյուն է գալու:Մարդիկ անհամբեր սպասում էին ձյանը: Նրանք սպասեցին երկար ժամանակ և վերջապես ընկավ մի փաթիլ, որին ոչ ոք չնկատեց:
Բոլորն ասում էին, երբ է ձյունը գալու, իսկ այդ փաթիլը, որը շատ փոքր էր, պատասխանում էր գետնից.
-Ես ախր այստեղ եմ: Բայց նրան ոչ ոք չէր լսում:
Փաթիլը տխրեց, որ իրեն ոչ ոք չի նկատում և որոշեց զգույշ քայլել և հասնել իր սիրելի տեղը, որը տեսել էր ամպի վրայից: Նա հասավ այդ տեղը և տեսավ մի աղջկա, որը շատ էր տխրել, որովհետև ձյուն չէր գալիս: Փաթիլը խղճաց աղջկան և որոշեց օգնել նրան ինչով կկարողանա: Նա մի կերպ հասավ աղջկա գոգին և ամբողջ ուժով ասաց.
-Բարև, ես այս տարվա առաջին փաթիլն եմ, ինչո՞վ քեզ օգնեմ:
Աղջիկը սկզբում չհասկացավ, թե որտեղից է գալիս այդ ձայնը և հանկարծ տեսավ իր գոգին մի փոքրիկ փաթիլ, առավ այն ափերում և ասաց.
-Բարև փաթիլ, իմ անունը Սոնա է: Խնդրում եմ, կարո՞ղ ես այնպես անել, որ ձյուն գա:
Փաթիլը պատասխանեց, որ կփորձի կանչել փաթիլներին: Հետո, երբ փաթիլը կանչեց մյուս փաթիլներին սկսեց ձյուն տեղալ և բոլոր մարդիկ ուրախացան: Սոնան և փաթիլը ընկերացան և սկսեցին տեսնվել ամեն ձմեռ: