Կատարում ենք նախորդ շաբաթվա առաջադրանքների ամփոփում։ ( Շաբաթվա ամփոփում) ։ ( Հրապարակում բլոգում) ։
Այս շաբաթը ևս նվիրում ենք սիրելի բանաստեղծ՝ Վահան Տերյանին։
« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ» — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։
1.Սովորիր բանաստեղծությունը։
2.Գտիր բառակապակցությունները։
Զվարդ ծիծաղ, նոր կյանք, ոսկեղեն հեռու, ուրիշ երգեր
3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։
խոսուն հեղեղ, թևեր փռել, մենության բանտ, ոսկեղեն հեռու
4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։