Հրաշք

Հրաշք

Երբ մտածում եմ հրաշքների մասին, կամ  թե ինչ երազանք կպահեի, եթե հրաշք լիներ ու այն կատարվեր, առաջին միտքը, որ պտտվում է գլխումս, դա պատերազմների դադարվելն է: Աշխարհում ամենից շատ կուզեի հրաշք լիներ ու ամբողջ աշխարհում վերացվեին պատերազմները: Կյանքը գեղեցիկ է, աշխարհն է “կեղտոտ”, աշխարհն է մարդկանց փոխում, չարացնում, աշխարհում ամեն մի գեղեցիկի կողքին չարն է, “տգեղը”, սիրո կողքին ատելությունը ու խաղաղության կողքին պատերազմները: Ու այս ամենի մեջ պատերազմն ամենասարսափելին է: Երբեմն ես մտածում եմ  ինչքան հիանալի տեղ կլիներ աշխարհը, եթե նրանում չլինեին պատերազմներ ու մարդիկ ապրեին խաղաղության և երջանկության մեջ, բայց երևի մարդու ձևն է այդպիսին` փորձել տիրապետել այն ամենին, ինչը իրենը չէ, ու անել դա կռվելով, մարդ սպանելով, պատերազմելով, երկիր ոչնչացնելով:

Ոնց կուզենաի, որ հրաշք կատարվեր, մի օր արթնանայինք ու ամբողջ աշխարհում խաղաղություն տիրեր, երեխաների ծիծաղ հնչեր ու եթե արցունքներ լինեին, ապա միայն երջանկության: Միշտ հավատացել եմ և հավատում եմ հրաշքների ու վստահ եմ, որ նրանք լինում են: Չգիտեմ, արդյոք օրերից մի օր բոլոր մարդկանց մեջ համերաշխություն կլինի, բայց մեկ բանում վստահ եմ, պատերազմը մարդու ամենասարսափելի գործողությունն ու հայտնագործությունն է, ու այն դադարեցնելը ամբողջ աշխարհում` լավագույն որոշումը կլինի:

Leave a comment