Ես իմ անուշ հայաստանի

Ես իմ անուշ հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։
Քաղցր, լարային երաժշտական գործիք, ողբի նվագի նման տխուր, կարմիր, վիշապի ձայն ունեցող, վեհ, հին, փոքրիկ տնակ, վիրավորել, սիրելի, փայլ
2. Դուրս գրի՛ր բարդ բառեր։
ողբանվագ, արնանման, վիշապաձայն, հնամյա, անհյուրընկալ, հազարամյա, երկաթագիր, արյունաքամ, արնավառ, լուսապսակ
3. Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։
Չարենցը գրում է որ շատ է սիրում իր հայրենիքը և սիրում է այն ամեն ինչով: Նա շատ նվիրված էր իր հայրենիքն և նա դա ցույց է տալիս«Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։»
տողերում:
4. Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։
Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։
Նահապետ Քուչակը հայ աշուղ-երգիչ էր:
5. Դուրս գրիր մակդիրները։
լիճը լուսե, վիշապաձայն բուք, երկաթագիր գրքեր, արյունաքամ վերքեր, կարոտած սիրտ, լուսապսակ ճակատ, անհաս փառք
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքի բանաստեղծությունները։
2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
Չարենցը այստեղ արտահայտում է իր սերը Արփենիկի նկատմամբ: Նա գրում է, որ նույնիսկ զոհաբերելով իր կյանքը ուզում է որ Արփենիկը ողջ մնա:
3.Շարքի բանաստեղծությունները հիմնականում ինչ բովանդակություն ունեն, ինչ թեմայով են գրված։
Սիրո թեմայով: Դրանցում նա արտահայտտում է իր սերը Արփենիկին և իր հայրենիքին:
4. Ի՞նչ է տաղը, ո՞ւմ է նվիրված շարքը։
Տաղը հնագույն բանաստեղծություն է, որը նաև երգվել է:
Շարքերից մեկը նվիրված է Արփենիկին մյուսը Հայաստանին:
5. Ո՞րն է բանաստեղծությունների լեզվական առանձնահատկությունը։
Իմ կարծիքով այն, որ նա որոշ տեղերում գրել է ոչ ճիշտ գրելաձևով  Օրինակ՝ «Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։» քառյակում նա «եկավ»-ի փոխարեն գրել է «էկավ»:

Leave a comment