Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից նայում:
Հարցեր և առաջադրանքներ՝
- Բառերը էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ձորալանջ-ձորը եզերող լեռան լանջ, անփույթ-անուշադրությամբ կատարված, կածան-ոտքի նեղ ճանապարհ, որոճալ-կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ, հորովել-երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:
2. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
Միամիտ, փոքրիկ, մի փոքր նեղված, շփոթված:
3. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
Ըստ բանաստեղծության հորթուկի շուրջը ձորալանջ է, որտեղ կան թփեր՝ մասրենու թփեր, լանջեր, գառների մայուն և այլն:
4. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…
Այսինքն արդեն ձորալանջին հով է իջնում՝ մթնում է:
բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…
Իմ կարծիքով, որ դաշտում այնպիսի ձայներ կան, որոնք նման են հորովելների:
5. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:
Շփոթվածություն
6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:
ձորալանջեր, հորթեր,թփեր, կածաններ, տերևներ, մասրենիներ, ականջներ, ոստեր, առուներ, պոչեր, աչքեր, ճակատներ, դնչեր, լեզուներ, շրթունքներ, բերաններ, ակունքներ, ճանճեր, մորթեր, դաշտեր