Էհ բախտս չի բերում

Էհ բախտս չի բերում

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:

Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, իդեպ. թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ էշուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

Հարցարան

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
  • ամեն ինչ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:

Leave a comment