Խպիպ, զոբ (լատիներեն՝struma), վահանագեղձի դիֆուզ կամ սահմանափակ մեծացումն է։ Այն կարող է պայմանավորված լինել ֆոլիկուլներում կոլոիդ հյուսվածքի չափից շատ կուտակումով, ֆոլիկուլյար էպիթելի գերաճով, շարակցա-հյուսվածքային հենքի գերաճով, լիմֆոիդային ինֆիլտրացիայով և այլ պատճառներով։ Թիրեոիդ էպիթելի գերաճը կարող է ընդգրկել վահանագեղձի պարենքիմն ամբողջությամբ (տարածուն, դիֆուզ խպիպ) կամ առանձին հատվածներ (հանգուցավոր խպիպ) և դիֆուզ -հանգուցավոր խպիպ։ Այսպիսով ըստ էության խպիպը դա ախտորոշում (դիագնոզ) չէ այս տերմինը ցույց է տալիս, որ առկա է վահանագեղձի այնպիսի հիվանդություն, որն ուցեկցվում է գեղձի ծավալի աստիճանական, կայուն մեծացմամբ, առանց գեղձի ֆունկցիոնալ վիճակի ճշտման։ Վահանագեղձի աննշան մեծացում նկատվում է սեռական հասունացման, դաշտանի, հղիության, լակտցիայի (կաթնատվության), դաշտանադադարի շրջաններում։