
Աշնան առավոտի երգը. Վահան Տերյան
Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…
Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…
Ժայռից մասուր է կաթում. Համո Սահյան
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Բանաստեղծությունների ոճիրը իրարից շատ են տարբերվում։ Տերյանը աշունը ներկայացրել է, որպես մղձավանջ։ Նա տեսնում էր աշնան գույները, թափվող տերևները, ամպամած երկինը, անձրևները, տխրում այդ տեսարանից և սպասում է մինչև գա հույս, որ այդ ամենը վերջանա և սփռվի լույս ( կարծում եմ բանաստեղծությունը նաև սիրուն է վերաբերվում քանի որ, որստեղծագործության մեջ նա նշում է, որ սպասում է մեկին, որը հրաշքով կգա և կմեղմացնի այդ թախիծը իր ժպիտով)։
Սահյանը ամբողջովին այլ կերպ է ներկայացնում աշնան բնությունը։ Նա ցույց է տալիս աշնան գեղեցկությունը և այն թե ինչ է կատարվում բնության մեջ աշնան ժամանակ, նկարագրելով տարբեր աշնանային տեսարաններ։