Շշուկ ու շրշյուն

Շշուկ ու շրշյուն

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,

— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Հեղինակ՝ Տերյան

Առաջադրանքներ
1. Ի՞նչ զգացում է արտահայտում բանաստեղծությունը:

Սիրո, կարոտի և նվիրվածության զգացումներ:

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում:

Ինձ թվում է աշնանային տրամադրություն:
3. Դուրս բեր անհասկանալի բառերը բացատրի՛ր:

Անհասկանալի բառեր չկան:
4. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:

Ստեղծագործությունում ըստ իս աշունն է ներկայացվում: Աշնան գույները, թախիծը, կարոտը, բայց նաև աշնան անուշ գեղեցկությունը, հույսը, շրշյունն ու շշունջը: Աշունը այս բանաստեղծության մեջ ներկայացվում է ոչ թե տեսքով, այլ զգացմունքներով:
5. Ընդգծի՛ր բաղաձայնների կուտակումներով /բաղաձայնույթ պարունակող/  տողերը:

Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ – ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր – երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց –
Ինձ զգացի ես թարմ – և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը – և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:
Կորովի-այստեղ փոխաբերական իմաստ է նշանակում է լավ, դրական հատկանիշներով օժտված, մարտակոչ-կռվի, մարտի կոչ, շեփոր-երաժշտական գործիք, մուժ-մառախուղ, գուժել-ողբալ
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Զարմանք, ուրախություն
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
նոր բառով
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց –
Ինձ զգացի ես թարմ – և անչափ նո՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
բացվեց-հայտնվեց, բերեց-տվեց, թվաց-երևաց, հևաց-փնչաց
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր – երգիս համար:

Իմ կարծիքով այս տողերը ասում են, որ աշունը ոգեշնչում է գրողին:

Leave a comment