
Աղոթող ձեռքեր գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարը։ Ներկայումս գտնվում է Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում։
Կտավը, որում պատկերված են աղոթող երկու ձեռքեր, նկարված է կապույտ ֆոնով թղթին մոխրագույն երանգով և սպիտականերկով։ Այն նախատեսված է եղել «Գելերի խորանի» կենտրոնական մասի համար։ Դյուրերը նկարել է սեփական ձեռքերը` աջ ձեռքի պատկերման համար օգտագործելով ձախ ձեռքի արտացոլանքը հայելում։ Ի սկզբանե թղթի այս հատվածում եղել է առաքյալի գլխի էսքիզը։ Նկարները առանձնացվել են հետագայում։
Ֆրանկֆուրտյան առևտրական Յակոբ Գելերը Դյուրերին նկար է պատվիրում խորանի համար, որը հետագայում կոչվում է իր իսկ անունով։ Աղոթող առաքյալը պատկերվել է խորանի կենտրոնական մասի աջ եզրում։ 1614 թվականին հերցոգ Մաքսիմիլիան Բավարացին արվեստի գործերի իր հավաքածուի համար ձեռք է բերում խորանի կենտրոնական մասը։ 1617 թվականից ոչ ուշ նյուրնբերգցի նկարիչ Յոբստ Հարիխը ԴյուրերիՖրանկֆուրտում մնացած խորանի կրկնօրինակն է անում։ Դրա շնորհիվ ներկայումս կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել Դյուրերի բնօրինակը, որը վառվել էր 1729 թվականի մյունխենյան պալատի հրդեհից։