Երջանկության իմաստը

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

     Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը

խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց

նրա աչքերին ու ասաց.

-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը

պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…

Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Հեղինակ՝ Իսահակյան

Առաջադրանքներ

  • Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից:

Դերվիշ-թափառական, բազմել-խոնարհվելով նստել, աներեր-կայուն, ցուպը-գավազան, տատասկներ-բույս՝գեղավեր, կիզել-այրել, գոցել-փակել, խանձարուր-բարուրած, բարձրաբարբառ-բարձրաձայն, ակնապիշ-անթարթ, բարկ-թեժ, ըղձալ-երազել, անքթիթ-անթարթ:

  • Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  • Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր ամբողջ մարդկության    հոգու խորքերից:

հարցրեց, երկրագնդի, ներքին մտքերից

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Ալեհեր ծերունի էր, համառությամբ երկար ճանապարհ էր անցել իմանալու համար թե ինչ է երջանկույթունը:

  • Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

Նա ասում էր որ երջանկության զգացողությունը մարդկանց տրված չէ հասկանալու և կարծում եմ նա ասում է, որ հենց դրա համար էլ մարդիկ ձգտում են երջանկությանը:

  • Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ:

Երջանկությունը այն է, երբ մարդը լինում է անհոգ, ուրախ, իր սիրելի միջավայրում, անում է այն ինչ սիրում է:

  • Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ:

պատգամներ, գիշերներ, հեռուները

  • Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Leave a comment