
Մեր տառերը անցել են երկար դարերի ճանապարհ, դրանք ոչ միայն դարձել են խոսքի փոխանցման միջոց, այլ նաև վերածվել են ազգային արժեքի։ Դրանք պահպանել են մեր պատմությունը դարեր շարունակ, պահպանել են մեր մտածողության ձևը և օգնել, որ դարերի ընթացքում մենք չկորցնենք մեր արմատները և ինքնությունը։
Հայոց տառերը մեզ տվել են հնարավորություն պահպանելու մեր մշակույթը և դարձել են ազգային ինքնության պատճառ:
Երբ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը սկսեց տառերը ստեղծելու գործը նրա նպատակն էր ապահովել ժողովրդի և մեր մշակույթի գոյության շարունակականությունը։ Եթե լեզուն առանց տառերի լիներ այն կկորցներ իր ամբողջականությունը, իսկ ժողովուրդը՝ ինքնությունը։ Մաշտոցը, հասկանալով դա նվիրվեց այդ աշխատանքին, ճանապարհորդեց, ուսումնասիրեց այլ ազգերի գրի համակարգերը և վերջապես ստեղծեց հայոց տառերը, որոնք այսքան ժամանակ հետո էլ չեն փոխվել։ Նրա հիմնած դպրոցները դարձան միջոց, որով հայերենը մնաց կենդանի։
Այս գաղափարը՝ գրերը որպես ոչ միայն հաղորդակցվելու միջոց, այլև որպես արժեք տեսնելը, արտացոլված է նաև Մուշեղ Գալշոյանի ,,Մամփրե Արքա,, ստեղծագործության մեջ։ Ճիշտ է Մամփրեն սկզբում չէր տիրապետում գրագիտությանը, սակայն նրա վերաբերմունքը մեր տառերի հանդեպ շատ հուզիչ էր։ Նրա համար այբուբենը ոչ թե պարզապես սովորելու նյութ էր, այլ սերնդեսերունդ փոխանցվող սրբազան բան, որը պետք է օգտագործել միայն ճշմարիտը գրելու համար։ Մամփրեն այնքան մեծ կարևորություն էր տալիս այբուբենին, որ հիշողության մեջ նույնիսկ այդքան տարի հետո մնացել էր երգվող այբուբենը՝ այբ, բեն, գիմ…: Մամփրեի համար այբուբենը նաև մի բան էր որը կապված էր իր մանկության և Մաշտոցի տառերի ծագման հետ։ Երբ նա տեսնում էր, որ թոռները մի փոքր այլ ձևով են սովորում տառերը, նա սկսում էր անհանգստանալ։ Կարծես ինչ-որ բան խախտված լիներ այդ ավանդույթի մեջ։ Այդ պատճառով էլ նա պահում էր իր սիրելի ավանդույթը՝ կարմիր տառերը և փորձում հին արտասանությունը սովորեցնել իր թոռներին։ Գրերը սովորելուց հետո նա հասկացավ, որ գրերը պետք է օգտագործվեն միայն ճշմարտությունը արձանագրելու համար:
Այսպիսով, Մաշտոցի պատմությունը ու Մամփրեի մասին ստեղծագործությունը, որքան էլ տարբեր են, մի կարևոր միտք ունեն՝ հայոց գրերը միայն տառերը չեն։ Դրանք դարերի հիշողություն են, ազգային միասնության պատճառ, հոգևոր ժառանգություն, որն էլ ապագա սերունդներին պետք է փոխանցվի։ Մաշտոցը ստեղծեց այբուբենը, իսկ Մամփրեն պատմության մեջ իր պարզ օրինակով ցույց տվեց թե ինչքան կարևոր կարող են լինել տառերը։