Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:
Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ:
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով:
