Երգի հրապույրը

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

– Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

– Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

– Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց:

Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց:

Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

2. Նկարագրիր այն աշխարհը, որի մասին պատմվում է:

Այդ աշխարհում ժայռերի վրա կային գեղեցիկ ծաղիկներ և ծառեր, այնտեղ կային աղբյուրներ, որոնք ջրում էին ծաղիկները, բայց այդ աշխահրում բոլոր մարդիկ քարե սիրտ ունեին:

7. Բնութագրիր տղային

Տղան որբ էր, բարի էր, հոգատար էր, տաղանդավոր էր և նա մտածում էր բոլորի մասին:

8. Տրված մտքերց որո՞նք են համապատասխանում պատմվածքին պատասխանդ պատճառաբանիր:

ա) Ամենակարևորը սերն է: Սիրո պակասը ոչնչով չի լրացվում:

բ) Ուժեղ մարդը ոչ մեկի կարիքն էլ չի զգում: Նա ինքն է լուծում իր խնդիրները:

գ) Բնության գրկում մարդը միշտ բարի է լինում, որովհետև բնության գեղեցկությունը փխրեցնում է մարդու սիրտը, նրան բարի է դարձնում:

դ) Արվեստը (երգը, բանաստեղծությունը,նկարը և այլն) ամենազորեղն է. նա է մարդուն մարդ պահում, օգնում, որ տարբերվի մյուս էակներից:

ա) Ամենակարևորը սերն է: Սիրո պակասը ոչնչով չի լրացվում:

Իմ կարծիքով ամենակարևորը սերն է, որովհետև սիրով մարդը կզգա մյուսի ցավը և կօգնի նրան:

Leave a comment