Հոմեր

Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։

Continue reading “Հոմեր”

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։ Continue reading “Յուլիսիս”